ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շինծու է գնահատում քննադատություն իր հասցեին, թե Ղարաբաղում քառօրյա պատերազմից առաջ, ընթացքում և հետո ինքն այս ուղղությամբ որևէ աշխատանք չի տարել։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին՝ որտե՞ղ էր ապրիլի 2-ից սկսված լարված օրերին, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Եթե այդ քննադատները կարծում են, որ բոլոր քայլերի մասին, ինչ անում է Արտգործնախարարությունը, պետք է մենք հրապարակենք, շատ հեռու են դիվանագիտության աշխատանքի բնույթի ընկալումից։ Այստեղ գաղտնիի կամ ոչ գաղտնիի մասին չէ, այլ՝ արդյունավետ աշխատանքի։ Եթե այդ նույն քննադատները նայեն ԱԳ նախարարության մեր կայքէջը, գոնե այն մասով, ինչ հրապարակված է, կտեսնեն, որ իրադարձություններից առաջ, ընթացքում, հետո՝ ես Ժնևում էի, 31-ին միացա Վաշինգտոնում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությանը, ամսի 3-ին ընդունում էի պատվիրակություններ, 4-ին Փարիզում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համապատասխան փաստաթղթեր ստորագրում, 5-7-ին՝ Բեռլինում էի, նախագահի հետ, պաշտոնական այցելության, 8-ին Մոսկվայում հանդիպում է Լավրովի ու Բորդյուժայի հետ, մասնակցում ԱՊՀ հանդիպմանը, 9-ին ընդունում էի եռանախագահներին, հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին և այլն։ Եղել են տասնյակ հեռախոսազրույցներ՝ նվիրված այս ճգնաժամին, առաջին վայրկյաններից, երբ ագրեսիան սանձազերծվեց, կապը հաստատվել էր Լավրովի հետ և այլն։ Եվ սա միայն ԱԳ նախարարի մասով։ Բայց մեծ ծավալի աշխատանք են կատարում մեր դիվանագետները։ Այնպես որ կառուցողական քննադատություններին մենք լրջորեն ենք մոտենում, փորձում ենք շտկել բացթողումները, բայց այն, ինչ մեջբերվում է, շինծու է, սին»,- շեշտեց Էդվարդ Նալբանդյանը։